Ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ԱԺ չորս քաղաքական ուժերի հրավիրած հանրահավաքից հետո հարցական է մնում՝ կշարունակե՞ն այդ ուժերը հանդես գալ միասնական ճակատով, թե՞ ոչ: Եթե Հայ ազգային կոնգրեսը չի փոխել իր շեշտադրումները, հայտարարում է, որ ունենք ոչ լեգիտիմ իշխանություն, պետք է հասնել իշխանափոխության, ապա «Բարգավաճ Հայաստանի» հայտարարություններից դժվար է գլուխ հանելը, թե հաջորդ պահին ինչ անակնկալ կարող է մատուցել հանրությանը:
Հանրահավաքից հետո «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին՝ «Այսինքն՝ իշխանափոխության նպատակ այս պահին ԲՀԿ-ն չի՞ դնում իր առջև», ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պատասխանում է. «ԲՀԿ-ն նման հարց չի քննարկել»: Իսկ այսօր, «Ի վերջո, ԲՀԿ-ն իշխանափոխություն ուզու՞մ է, թե՞ ոչ» հարցին ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը պատասխանել է՝ «Մեկ բառով չի լինի պատասխանել՝ կո՞ղմ է, թե՞ դեմ է»:
irates.am-ը Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի նախագահ Մանվել Սարգսյանից հետաքրքրվեց, թե այս պարագայում հնարավո՞ր է, որ նշյալ քաղաքական ուժերը շարունակեն համագործակցությունը:
«Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչ նպատակ ունեն այդ քաղաքական ուժերը: Նայած թե շարունակություն ասելով ինչ ենք հասկանում: Միավորումը տեղի է ունենում խնդիրների շուրջ: Ժամանակի ընթացքում փոխվում են խնդիրները, և անիմաստ է ենթադրություններ անելը, թե այդ շարժումը կվերածվի՞ ավելի ընդգրկուն շարժման, թե՞ ոչ»,- ասաց Մանվել Սարգսյանը:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ